«ԱՎՏՈՎԱՐՁՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ Է», - Տ.Առաքելյան, SIXT ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Վերջին մի քանի ամիսների ընթացքում բռնկված COVID-19 համավարակը ոչ միայն լուրջ մարտահրավերներ ստեղծեց երկրի առողջապահական համակարգի համար, այլև, ինչպես գրեթե ողջ աշխարհում, էականորեն ազդեց տնտեսության ներկայիս վիճակի և դրա հետագա զարգացման հեռանկարների վրա: Համատարած լոքդաունի պայմաններում, երբ մեկուսացումը դարձավ առօրյա կարևորագույն խնդիր, առանձնակի ծանր ազդեցություն կրեցին զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունները, սկսած փոխադրողներից և վերջացրած հյուրանոցներով: Ուժեղ հարված ստացան նաև ավտովարձույթով զբաղվող ընկերությունները, որոնց եկամուտների գերակշռող մասը ձևավորվում է հենց տուրիստական հոսքերից: Ոլորտի նախահամաճարակային և հետհամաճարակային հեռանկարների մասին զրուցել ենք Հայաստանում SIXT ընկերության ներկայացուցչության տնօրեն Տիգրան Առաքելյանի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանում ավտովարձույթի ոլորտի վիճակը մինչև COVID19 համավարակի բռնկումը, ինչ ակնկալիքներ ունեիք 2020 թվականի հետ կապված:
- Պետք է նշել, որ վերջին մի քանի տարիների կտրվածքով ոլորտում նկատվում էր հետևողական աճ, ինչը պայմանավորված էր զբոսաշրջիկների հոսքի ավելացմամբ: Առանձնակի մեծ հույսեր էինք կապում ավիափոխադրումների շուկայում լոուքոսթերների հայտնվելու հետ, ինչը խոստանում էր նոր հաճախորդների թվի աճ: Բացի այդ Հայաստանը հետզհետե ավելի ճանաչելի էր դառնում որպես հանգստի համար նախատեսված ուղղություն, ակտիվորեն վերանորոգվում էր ճանապարհային ցանցը: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ծրագրել էինք ավտոպարկի էական ընդլայնում 2020 թվականի համար: Համոզված եմ, որ ոլորոտում ներգրավված կազմակերպություններից շատերը ևս քայլեր էին ձեռնարկում այդ ուղղությամբ: Իհարկե, համավարակը, կարելի է ասել, զրոյացրեց թե՛ մեր բոլոր սպասումները, թե՛ ներդրումները:
- Ի՞նչ քայլեր են ձեռանրկում առաջատար կազմակերպությունները ճգնաժամը հաղթահարելու համար: Մի փոքր պատմեք ձեր ընկերության փորձից:
- Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ կարող եմ ասել, որ համավարակով պայմանավորված ավտովարձույթի ոլորտի անկումը կազմում է 80տոկոսից ավելին: Կարևոր հանգամանք է նաև այն, որ համավարակի տարածումը համընկավ այսպես կոչված “high season” ժամանակաշրջանի հետ, որը սովորաբար սկսվում է ապրիլ-մայիսից և տևում մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: Հենց այս ամիսներին են ավտովարձույթները գեներացնում տարեկան եկամտի գերակշռող մասը, որը թույլ է տալիս հետագայում պահպանել կայունությունը տարվա մյուս ամիսներին: Ստացվում է, որ առանց այդ էլ ցածր եկամտաբերությամբ աչքի ընկնող ձմեռային ամիսներից հետո, հիմա ստիպված ենք համակերպվելամառային ամիսների աննախադեպ ցածր ցուցանիշների հետ՝ առջևում ունենալով անորոշություններով լիժամանակահատված: Ակնհայտ է, որ այս պարագայում, առաջին հերթին հակաճգնաժամային գործողությունները ենթադրում էին օպերացիոն և մարքեթինգային ծախսերի կրճատում: Կարողացանք պայմանավորվել մեր հիմնական գործընկերների հետ՝ տարածքների վարձակալման մեխանիզմները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու և վճարները որոշ ժամանակով սառեցնելու կամ նվազեցնելու հարցում: Միևնույն ժամանակ, ամբողջ երկու ամիս պահպանեցինք աշխատավարձային ֆոնդը և միայն վերջերս էինք ստիպված՝ աշխատողների մի մասին ազատելու աշխատանքից: Որպես հակաճգնաժամային միջոց ներկայումս օպտիմալացնում ենքշահագործման մեջ եղած ավտոմեքենաների պարկը: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ նույնիսկ նման պայմաններում, երբ սպասարկում ենք քիչ քանակությամբհաճախորդների, ներդրել ենք սանիտարահիգիենիկմիջոցառումների ուժեղացված ձևաչափ, որը ներառում է ավտոմեքենաների մանրակակրիտ ախտահանում նման դեպքերի համար սահմանված բոլոր անհրաժեշտ եղանակներով:
Սրան զուգահեռ մշակել ենք հատուկ փաթեթներ՝ զգալի զեղչային բաղադրիչներով, որոնք, հուսով եմ, կօգնեն որոշ չափով ակտիվացնել գործունեությունը նաև տեղական շուկայում: Գործարկել ենք նաև սկութերների վարձակալության մեխանիզմ, որը հիմնվում է համաշխարհային փորձի վրա և բավական հեռանկարային կարող է լինել, երբ կյանքը վերադառնա բնականոն հուն:
- Ինչպե՞ս կգնահատեք պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը հենց ձեր ոլորտի համար:
- Ճգնաժամային պայմաններում ոլորտի յոթ առաջատար կազմակերպությունների անունից դիմեցինք Կառավարությանը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր քայլերը՝ ուղղված տնտեսության այս ճյուղի կոլապսըկանխելուն: Ավտովարձույթները, ցավոք սրտի, չեն ընդգրկվել տուժած տուրիստական ոլորտի կազմակերպությունների ցանկում, բայց պետք է նաև նշել, որ ավտովարձույթների աշխատակիցները իրենց հերթին ընդգրկվել են սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ Կառավարության ութերորդ հակաճգնաժամային միջոցառման մեջ: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մեր երկրի հնարավորությունները բավական սահմանափակ են, և մեծ ակնկալիքներ չունենք: Ինչպես և շատ այլ կազմակերպություններ, ավտովարձույթի առաջատարները ունեն ընթացիկ վարկային զգալի բեռ, ունեն գույք, որը գտնվում է կազմակերպության հաշվեկշռում և պահանջում է համապատասխան հարկային պարտավորությունների իրականացում: Թեպետ շատ է շրջանառվում տնտեսվարողների համար հարկային և վարկային ընդհանուր արձակուրդ սաահմանելու վերաբերյալ պնդումը, ներկայիս պայմաններում առավել իրատեսական ենք համարում ավտոմեքենաների համար վճարվող գույքահարկի օպտիմալացումը, վճարման համար որոշակի արտոնյալ ժամկետի սահմանումը կամ դրա սառեցումը որոշ ժամանակով: Քանի որ միջին և խոշոր ավտովարձույթների ավտոպարկում կան բավական բարձր գույքահարկով ավտոմեքենաներ, այս քայլերը թույլ կտան պահպանել կազմակերպությունների կենսունակությունը:
- Ինչպիսի՞ն է ոլորտի ապագայի ձեր տեսլականը մեկ-երկու տարվա կտրվածքով:
- Ապագայի մեր տեսալականը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ուշ, թե շուտ աշխարհը վերադառնալու է բնականոն վիճակի, իսկ ավտովարձույթը, որպես գործունեության տեսակ, պահպանելու է իր պահանջվածությունը: Ցավոք, կլինեն կազմկաերպություններ, որոնք չեն կարողանա հաղթահարել ստեղծված վիճակը, շուկան որոշակիորեն կվերաձևափոխվի, կհայտնվեն նոր ընկերություններ, հները կաշխատեն նոր ոճով: Անկախ դրանից համոզված եմ, որ ոլորտի հիմնական մասնակիցները կմիավորվեն ընդհանուր շահերի շուրջ, ստեղծելով ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք իրենց հերթին կապահովեն հետագա գործունեության կայունությունը: Քանի որ ավտովարձույթի ոլորտը անմիջականորեն կապված է ավտոշուկայի հետ, մեծ հույսեր ունենք, որ Հայաստանում արդյունավետ “թրեյդ-ին”(շահագործված ավտոմեքենաների փոխարինումը նորով ավտոդիլլերների կողմից) գործընթացի ներդրումը թույլ կտա նույնքան արդյունավետ կառավարել մեր կազմակերպությունների ավտոպարկը, ապահովելով ժամանակակից և անվտանգ ծառայությունների մշտական հասանելիությունը:
Ինչպես արդեն նշել եմ, մեր ծառայությունները անմիջականորեն փոխկապակցված են տուրիստական սեգմենտի այլ ծառայությունների հետ՝ հյուրանոցներ, ռեստորաններ, ակտիվ հանգիստ: Դրանց բնականոն աշխատանքի վերականգնումը ևս մեծ խթան կհանդիսանա մեզ համար: Սա նշանակում է, որ մենք կկարողանանք վերականգնել աշխատատեղերը, կրկին ընդլայնել ավտոպարկը և նորից կենտրոնանալ հեռանկարային զարգացման ծրագրերի վրա: