Եվրոպական քրաշ-թեստերը կիրականացվեն նոր կանոններով:
Եվրոպական փորձագիտական Euro NCAP կազմկերպությունը հայտարարել է ավտոմեքենաների փորձարկման արձանագրությունների՝ վերջին տասնամյակում ամենածավալուն փոփոխությունների մասին: Մինչև ընթացիկ տարվա վերջ քրաշ-թեստերի ծրագիրը կհամալրվի մի քանի նոր փորձարկումով, այդ թվում կոմպակտ և ավելի մեծ ավտոմեքենայի բախման իմիտացիայով:
Գլխավոր նորությունը դեֆորմացվող խոչընդոտի հետ տեղաշարժով բախումից (ODB) պրոգրեսիվ դեֆորմացիայով շարժական խոչընդոտի հետ բախմանը (MPDB) անցնելն է: Նոր թեստի ժամանակ ավտոմեքենան 50 կմ/ժ արագությամբ ուղղվում է դեպի 1400 կգ զանգվածով հենահարթակի վրա տեղադրված խոչընդոտը, որն իր հերթին նույն արագությամբ շարժվում է հանդիպակաց ուղղությամբ: Վերածածկումը սահմանվում է 50 տոկոսի չափով: Այս թեստը մոդելավորում է փորձարկվող ավտոմեքենայի բախումը միջին չափսի տիպիկ ընտանեկան ավտոմեքենայի հետ:
Euro NCAP-ի քրաշ-թեստերի ներկայիս ծրագիրը ներառում է ճակատային բախման,ինչպես նաև կողքից և հետևից հարվածների իմիտացիա: Բացի այդ կատարվում է մանկահասակ ուղևորների, հետիոտների երթևեկության այլ մասնակցիների պաշտպանության գնահատում, իրականացվում է զանազան էլեկտրոնային ֆունկցիաների, այդ թվում՝ արագության սահմանափակիչի, վթարային արգելակման և շարժման շարքի պահպանման համակարգերի աշխատանքի ստուգում:
Նոր կանոններով ավելացել է այսպես կոչված «հեռավոր ուղևորների» համար նախատեսված թեստը: Դրանով գնահատվում է ոչ միայն վարորդի պաշտպանվածությունը կողային հարվածի ժամանակ, այլև վարորդի և առջևի ուղևորի՝ միմյանց հարվածելու ռիսկը: Այսուհետ փորձարկումների արդյունքում ավելի շատ միավոր կշնորհվի այն ավտոմեքենաներին, որոնք սարքավորված կլինեն անվտանգության կենտրոնական կողային բարձիկով, որը ներկայումս արդեն իսկ տեղադրվում է Genesis GV80 և Volkswagen ID.3 մոդելների վրա: Ըստ վիճակագրության, վարորդի և ուղևորի բախումից առաջացած երկրորդական վնասվածքների մասնաբաժինըկազմում է դրանց ընդհանուր թվի 45 տոկոսը (Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացայի տվյալներով):
Բացի նշվածից, Euro NCAP-ը կբարդացնի վարորդի ինքնազգացողության վերահսկման ֆունկցիայի և ավտոմատ արգելակման համակարգերի փորձարկումները, որոնք կհամալրվեն խաչմերուկներում հնարավոր վթարներ իմիտացնող թեստերով: Կազմակերպությունը կսկսի նաև գնահատել «հետվթարային անվտանգությունը»՝ փրկարար ծառայությունների հետ ավտոմատ կապի eCallմոդուլի աշխատանք,դռների փականների բլոկավորում, ավտոմեքենայի ելքի ու մուտքի հարմարավետություն:
Եվս մեկ կարևոր նորամուծություն կարելի է համարել Humaneticsընկերության նոր նախագծած THOR-50M մանեկենը, որը պատկերում է «միջին կազմվածքի» տղամարդու: Այն ավելի զգայուն է տարբեր տեսակի ազդեցությունների նկատմամբ և սարքավորված է հատուկ ցուցիչներով, որոնք գրանցում են ներքին օրգանների հնարավոր վնասվածքները: