Հայաստանում կկայանա էլեկտրական շարժունակությանը նվիրված ֆորում

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան ի դեմս նախագահ Արտյոմ Պետրոսյանի կմասնակցի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ս․թ․ ապրիլի 18-ին և 19-ին, «Մերիդիան» էքսպո կենտրոնում (ք.Երևան, Ոսկերիչների փ․, շենք 1) անցկացվելիք էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին։
Համաժողովի նպատակն է հարթակ տրամադրել էլեկտրական շարժունակության ոլորտի ներկայացուցիչներին՝ աջակցելով ոլորտի զարգացմանը, Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչելիության բարձրացմանը, օտերարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորմանը։
Միջոցառման մասնակիցներն են՝ միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), էներգետիկայի, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտների, ինչպես նաև ավտոտեխսպասարկման, ապահովագրական ընկերությունների, բանկերի, այլ ֆինանսական կառույցների, պետական գերատեսչությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Համաժողովն անցկացվելու է պանելային քննարկումերի ֆորմատով: