ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ
26 փետրվարի, 2024 թ.

2023 թվականը, ինչպես և դրան նախորդող 2022-ը, աչքի ընկավ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բարձր տնետսական աճով։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 2022 թվականի տնտեսական աճը կազմել է 12,6%, ինչը նշանակում է, որ այս ցուցանիշով Հայաստանը տեղ է զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ցանկում։ Եվ թեպետ նախորդ տարի տնտեսական ցուցանիշների որոշակի անկում է գրանցվել և աճի տոկոսը գնահատավում է 9,4%, այնուամենայնիվ այն էականորեն բարձր է միջին համաշախարհային ցուցանիշներից։

Այս ամենում, բնականաբար, մեծ դեր ունի մեր երկի ստանձնած նոր դերակատարումը, որի շրջանակներում զգալիորեն փոխվել է ապրանքա-հումքային շրջանառության պատկերը։ Սա դառնում է էլ ավելի ակնհայտ, երբ խոսքը գնում է ավտոմեքենաների մասին։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ Հայաստան են ներմուծվել (հայտարարգրվել) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով (թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ)՝

- 2022 թվականին՝ 45241 ավտոմեքենա, որից 3833 (8,5%) Էլեկտրական մեքենաներ են։

- 2023 թվականին՝ 86531 ավտոմեքենա, որից 6513 (7.5%) Էլեկտրական մեքենաներ են։

Չնայած նրան, որ մարդատար ավտոմեքենաների մեջ էլեկտրական մեքենաների քանակի առումով մեկ տարվա ընթացքում տոկոսյաին աճ չի նկատվում, սակայն կարևոր է ընդգծել, որ 2022թ․ համեմատ՝ 2023թ․ գրանցվել է մարդատար ավտոմեքենաների ներկրման 91,3 % աճ, իսկ Էլեկտրական շարժիչով մեքենաների 70% աճ։

Նշենք նաև, որ 2018-2023 թվականներին Հայաստան է ներմուծվել է 12747 Էլեկտրական մեքենա։

Այս պարագայում, իհարկե, ուշադրություն է գրավում ներմուծված ավտոմեքենաների թվի գրեթե կրկնակի աճը մեկ տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ գրանցված ավտոմեքենաների թիվը զգալիորեն զիջում է ներմուծված ավտոմեքենաների թվին։ Սա նշանակում է, որ Հայաստանը, ըստ էության, դարձել է տարանցիկ երկիր ավտոմեքենաների արտահանման համար, որոնց ուղղությունը հիմնականում Եվրասիական տնտեսական միության երկներն են, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ թեպետ 2020 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտավ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգը, անվավոր տրանսպորտային միջոցների, և առաջին հերթին՝ մարդատար ավտոմեքենաների մասով, չի իրականացվել հետևողական վարչարարություն երկրի ստանձնած պարտավորությունների համաձայն։

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների ճնշող մեծամասնությունը (ԱՊՆԱ հաշվարկներով՝ մոտ 95 տոկոսը) առնվազն փաստաթղթավորման տեսանկյունից չի համապատասխանում նշված ՏԿ-ի, այն է՝ օրնեսդրական պահանջներին։ Այս իրավիճակը էականորեն խաթարում է շուկայի պատկերը, զգալիորեն խոչընդոտում է նաև պաշտոնական ներկայացուցիչների առօրյա գործունեությանը։ Այսպես կոչված «գորշ», իսկ երբեմն էլ՝ բացահայտ «սև» դիլերները, ավտոմեքենաներ ներմուծելով բոլոր հավանական և անհավանական կետերից, հաճախ լցնում են շուկան անհասկանալի մակնիշներով, որոնք ապահովված չեն ոչ երաշխիքով և ոչ էլ հետերաշխիքային սպասարկմամբ։ Այդ ավտոմեքենաների հիմնական առավելությունը համեմատաբար ցածր գինն է, ինչը դառնում է պոտենցիալ հաճախորդների համար որոշում կայացնելու գլխավոր գործոնը։

Առավել մտահոգիչ հանգամանքներից է նաև այն, որ երկիր են ներմուծվում համաշխարհային ապրանքանշանների ներքո ու բացառապես Չինաստանի ներքին շուկայի համար նախատեսված էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք նույնպես չունեն համապատասխան սերտիֆիկացիոն փաստաթղթերը։ Թեպետ նոր ու էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների թվի աճը կարող է երկարաժամկետ կտրվածքով բարենպաստ ազդեցություն ունենալ թե ավտոպարկի թարմացման, թե բնապահպանական տեսանյկյունից, այնուամենայնիվ այստեղ էլ ծագում են որոշակի խնդիրներ։ Օրինակ, պաշտոնական գործարանային երաշխիքի կամ ներկայացուցչական ֆունկցիաների բացակայությունը հաճախ ազդում է նաև ապահովագրական շուկայի վրա, թույլ չտալով համապատասխան ընկերություններին հստակ ու ճշգրիտ գնահատել տվյալ ավտոմեքենաների վթարի պարագայում վճարման ենթակա ապահովագրական գումարները։

Ներկայումս ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով այնուամենայնիվ նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգի դրությների վերահսկմանն ուղղված վարչարարության առումով։ Այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու հավանական ժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ն է, ինչը նշանակում է, որ կարելի է ակնկալել նաև որոշակի փոփոխություններ շուկայի պատկերում արդեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Մինչ այդ կարելի է փաստել, որ առնվազն տարվա առաջին երկու եռամսյակներում նախորդ տարիներին ձևավորված պատկերը կպահպանվի։

Դիտել բոլորը