Renault-Nissan-Mitsubishi ալյանսը կենթարկվի վերակառուցման

Սկսվել է Renault-Nissan-Mitsubishi ալյանսի վերակառուցումը, որի ընթացքում կվերաբաշխվեն ընկերությունների բաժնեմասերը։ Ալյանսի բոլոր մասնակիցները՝ ֆրանսիական Renault-ն և ճապոնական Nissan-ն ու Mitsubishi-ն, պայմանավորվել էին սկսել վերակառուցումը արդեն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Սակայն համաձայնեցման գործընթացը մի փոքր երկարեց, և միայն օրերս հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ համաձայնությունները ձեռք են բերված և վերակառուցման գործընթացը մեկնարկել է։
Ներկայիս դրությամբ Renault Group-ին է պատկանում Nissan Motor ընկերության 43,4 տոկոսը, մինչդեռ Nissan-ը կուտակել է Renault Group-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Միայն 2016 թվականին ալյանսին միացած Mitsubishi Motors-ը հանդես է գալիս, որպես Nissan-ի գործընկեր, քանի որ Mitsubishi-ի բաժնետոմսերի 34 տոկոսը պատկանում է հենց Նիսսանին։ Ակնկալվող վերակառուցման գլխավոր խնդիրը այս անհավասարության վերացումն է։
Այսպես, Nissan-ի բաժնետոմսերի 28,4 տոկոսը Renault-ն կփոխանցի ֆրանսիական տրաստ-հիմնադրամներից մեկին։ Ըստ պայմանավորվածության, հիմնադրամը իրավունք կունենա վաճառել իր տնօրինության տակ գտնվող բաժնետոմսերը, եթե դա ձեռնտու լինի Renault-ին, իսկ դրանց ձեռք բերման առաջնային իրավունքը կպատկանի հենց Nissan-ին։ Այսպիսով, Renault–ն և Nissan-ը կպահպանեն յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսի վերահսկումը, իսկ տնօրենների խորհրդում համապատասխան ներկայացուցիչների թվի մասին դեռևս տեղեկություններ չկան։